Sunday, May 26, 2013

Էրեբունու ամրոց

Արին-Բերդ անմատչելի բլրի վրա կառուցված Էրեբունի ամրոցից Երևանին նայելիս միանգամից մոռանում ես, թե քանի աստիճան ես հաղթահարել այստեղ կանգնելու համար: Վերևում օդը դառնում է ավելի մաքուր, լիաթոք շնչում ես ու հասկանում, որ իզուր չէր Արգիշտին հենց այս վայրը ընտրել իր ամրոցի համար: Ամրոցի շուրջ քայլելու ընթացքում մի կողմում տեսնում ես պարիսպներ, մյուս կողմում շարունակում է տարածվել Երևանը:
Հնում ամրոցի մուտքը գտնվել է հարավային մասում, որտեղից աստիճաններով հնարավոր է եղել հասնել ամրոցի հրապարակ: Հրապարակից դեպի արևմուտք գտնվում է կրոնական մասը, որտեղ եղել է Վանի թագավորության գերագույն աստված Խալդիի տաճարը` սյունազարդ դահլիճով և աշտարակաձև շինությունով: Աշտարակաձև շինությունը չի պահպանվել, բայց տասներկու փայտե սյուների վրա հենված դահլիճը կա մինչ օրս: Դահլիճի պատերը զարդարված են տարբեր գույնի գեղեցիկ որմնանկարներով:
Հրապարակից հյուսիս գտնվում են պալատական շինություններն ու սենյակները: Սենյակներից շատերում պահպանվել են որմնանկարներ, նաև մեծ գամերից մնացած անցքեր, որոնք օգտագործում էին գորգեր կախելու համար: Այս հատվածում է գտնվում նաև Արգիշտի Ա արքայի սենյակը, որտեղ առանձնանալն իսկական հաճույք է պատմություն սիրող մարդու համար: Եվ ընդհանրապես, ո՞վ չէր ցանկանա գոնե մեկ անգամ հայտնվել արքայի սենյակում, տեսնել այն պատերը, որոնց հարվածել է արքան զայրույթի պահին, զգալ այն, ինչ զգում էին մարդիկ,  որոնք հրավիրվում էին արքայի սենյակ:
Սյունազարդ բակից կարելի է անցնել սյունազարդ նեղ սրահով, որից հետո մտնում ես շքադահլիճ, որին կից գտնվում են հինգ հաղորդակցվող սենյակներ: Պալատական հատվածի արևմտյան մասում կառուցված է եղել Իվարշա աստծուն նվիրված տաճարը:
Դուրս ես գալիս պալատական հատվածից, իջնում ես ներքև ու նորից նայում ես բացվող տեսարանին: Ու համոզվում ես, որ իզուր չէր Արգիշտին ընտրել հենց այս անառիկ բլուրը:

Էրեբունու ամրոց այցելությունը ներառված է ՎիզիթԱրմի կողմից կազմակերպվող Երևան շրջայցի ծրագրի մեջ: Առաջարկվող շրջայցերին կարող եք ծանոթանալ http://visitarm.com/Armenia_tours.htm հասցեով կամ զանգահարել +374 91 345 322:

հեղինակ՝ Սեթ Մկրտչյան:

No comments:

Post a Comment